23.05.14թ.

Այսօր ամեն բան այնքան տոնական էր դպրոցում. վերջին դաս, հետո այցելություն կրտսեր դպրոց: Ես չեմ ավարտում, բայց հաճույքով մասնակցեցի ամեն ինչին: Տեսնել էր պետք, թե փոքրիկներն ինչպես էին ուրախ-ուրախ վազվզում մի ճոճքից մյուսը: Դրանք մեր 12-րդցիների նվերն էր փոքրիկներին: Ժամը երկուսին մոտ գնացինք Հ. Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների ցուցահանդեսը դիտելու: Հետաքրքիր ցուցահանդես էր. կային լավ մտահղացումով աշխատանքներ: Միանգամից մտածեցի, որ կարող ենք մեր ավարտական վերջին դասը ներկայացնել նման ցուցահանդեսով: Ի դեպ, չզարմացա, երբ իմացա, որ այդ դպրոցի տնօրենը նախկին սեբաստացի է՝ Գ. Սանոյանը: Իհարկե, տիար Բլեյանը իր շնորհավորանքն ու մաղթանքները հղեց շրջանավարտներին: Ներկա էր նաև փոխքաղաքապետը: Դիտեցինք, մեր ներկայությամբ զարդարեցինք լեցուն սրահը, մի կտոր ֆլեշմոբ նայեցինք և դուրս եկանք: Ավտոմեքենաների խելագար հրմշտոցից մեր մեքենան մի կերպ դուրս եկավ, և թեթևացած շունչ քաշելով՝ վերադարձանք դպրոց: Վայ, մոռացա՝ ինչ-որ ակցիա էր սրահում. նռան ակցիա, և տիար Բլեյանն ու ընկեր Նառան ծիծաղով համտեսեցին: